Ալմաթայում հուլիսի 16-ին մեկնարկում է ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական  գագաթնաժողովը: Գագաթնաժողովի ընթացքում կայանալու է այն միջազգային կազմակերպությունների (ԵԱՀԿ , ԵՄ, ՆԱՏՕ, ԵԽ, ԱՊՀ, ՀԱՊԿ) առաջին նիստը, որոնք առնչվում են միջազգային անվտանգության ապահովմանը:

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են անվտանգության հարցերը՝ ներառյալ  իրավիճակը Ղըրղզստանում եւ Աֆղանստանում:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովին մասնակցելու են կազմակերպության 56 անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները, նաեւ կազմակերպության գործընկեր 12 պետությունների ԱԳՆ ղեկավարները: Նախատեսվում է, որ գագաթնաժողովը կբացի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Նիստի շրջանակներում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ինչպես նաեւ Բեռնար Քուշների, Սերգեյ Լավրովի եւ Հիլարի Քլինթոնի հնգակողմ հանդիպումը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվադ Նալբանդյանն արդեն մեկնել է Ղազախստան: Հանդիպման կազմակերպիչները քննարկում են նաեւ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության հարցը: Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Ալմաթայում կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների վերադարձման հարցը: