Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում հուլիսի 15–ին տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում գտնվող «Արսեն Թեւանի» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել «ԳԱԶ-53» մակնիշի 27 ԼՕ 714 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի բարձր ճնշման գազի բալոնի պայթյուն:

Պայթյունի հետեւանքով վարորդը` Մարմարաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արթուր Գալստյանը ձախ ձեռքի անդամահատումով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, այնուհետեւ Երեւանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար: