ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի քեռին՝ 1991 թ.-ից Արարատ գյուղի (հայտնի է նաեւ Դավալու անվամբ) գյուղապետ Գրիգոր Մելքումյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ խաղող մթերող գործարանները գյուղացիներից պահանջում են դառնալ այս կամ այն կուսակցության անդամ, հակառակ դեպքում հրաժարվում են մթերել։ «Էս տարի ասում են՝ ով իմ կուսակցության անդամ է, նրանը ընդունում ենք։ Ես էդ կուսակցություններին դեմ եմ, սաղին լարել են իրար դեմ, հիմա էլ խաղողագործներին են լարում»,- հայտարարեց Գ. Մելքումյանը։ Նա երանությամբ է հիշում կոլտնտեսային տարիները, երբ «ամեն ինչ շատ հեշտ էր, որեւէ գործարան իրավունք չուներ խաղողը գյուղացուն ետ տար»։
Գ. Մելքումյանն ասում է, որ խաղող մթերող գործարանները միակողմանի պայմանագիր են կնքում՝ գյուղացուն հնարավորություն չտալով իր ցանկացած ձեւով բերքը հանձնել։ Այնուամենայնիվ նա շնորհակալություն հայտնեց Երեւանի կոնյակի գործարանին («Արարատ» ապրանքանիշ), որը երկար տարիներ հուսալի գործընկեր է եղել խաղողագործների համար, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանին, որն անցյալ տարի նույնպես լավ պայմաններով մթերումներ է իրականացրել։ «Բայց մյուս գործարանները դռները փակել են, էժան գներով գործարաններն առան, էսօր մթերում չեն ուզում անել»,- ասաց Արարատի գյուղապետը։ Նա կոչով դիմեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ որեւէ կերպ ազդել գործարանների վրա, որպեսզի մթերումները լավ կազմակերպվեն։
Ասուլիսին ներկա «Ազդարար» ամսագրի խմբագիր Մարտիկ Սարգսյանի տվյալներով՝ գործարաններն այս տարի լավագույն դեպքում կմթերեն 50-60 հազ. տոննա խաղող, այնինչ 200 հազ. տոննայի բերք է սպասվում։ Կես բերքի ճակատագիրը, ըստ Մ. Սարգսյանի, ներկա դրությամբ անհայտ է։



























