Հայաստանում շարունակում են արձանագրվել սննդային թունավորման դեպքեր:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման՝ բոտուլիզմի 6 դեպք` 10 տուժածով։ Մինչեւ 14 տարեկան երեխաների մոտ դեպքեր չեն արձանագրվել եւ մահվան ելք չի գրանցվել:

2009 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման՝ բոտուլիզմի 14 դեպք` 23 տուժածով, այդ թվում՝ 2-ը մինչեւ 14 տարեկան։ Մահվան ելք չի գրանցվել:

Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, ծիծակի, վարունգի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետեւանքով՝ Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում:

2010թ. առաջին 6 ամսվա ընթացքում արձանագրվել է սննդում թունավոր սնկերի օգտագործման հետեւանքով առաջացած թունավորման 4 դեպք` 5 տուժածով։ Մահվան ելք չի գրանցվել:

2009թ. թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել 3 դեպք` 6 տուժածով։  Դարձյալ մահվան ելք չի գրանցվել:

«Կատարված համաճարակաբանական հետազոտությունից պարզվել է, որ արձանագրված բոլոր դեպքերում թունավորումների պատճառը տուժածների կողմից պատահական վայրերից գնված կամ իրենց իսկ հավաքած սնկերի օգտագործումն է եղել:

2010թ. Լոռու եւ Շիրակի մարզերում արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված սննդային թունավորումների 2 դեպք` 59 տուժածով: Սննդային թունավորման պատճառը ոսկեգույն ստաֆիլակոկով եւ սալմոնելա էտերիտիդիսի հարուցիչներով ախտահարված սնունդն է եղել»,- նշված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: