Համաշխարհային բանկի տնօրենների խորհուդը երեկ հաստատել է ՀՀ-ում գյուղական ճանապարհների շինարարությանը լրացուցիչ 40 մլն դոլարի ֆինանսավորումը։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԲ էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ծրագրերի գծով վերլուծաբան Անի Բալաբանյանը։ «Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորումը նպատակաուղղված է կենսական կարեւոր գյուղական ճանապարհների վերականգնմանը»,- ասաց Ա. Բալաբանյանը։ Նախատեսվում է ՀՀ 9 մարզերում վերանորոգել 190 կմ ճանապարհ։

Նշենք, որ Հայաստանում գյուղատնտեսական ճանապարհների շինարարության հիմնական ծրագիրը ՀԲ կողմից հաստատվել է 2009թ փետրվարին:

Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 101 մլն դոլար է եւ նախատեսում է երկրում 430 կմ ճանապարհների վերանորոգում: Արդեն վերանորոգվել է 153 կմ գյուղատնտեսական ճանապարհ եւ ստեղծվել 12 հազ. նոր աշխատատեղ: Առաջնությունը տրվում է այն ճանապարհներին, որոնք գյուղական համայնքները կապում են պետական մայրուղիների հետ, հանդիսանում են կենսականորեն կարեւոր, սակայն գործնականում անանցանելի են։
Վարկը տրամադրվել է 25 տարի ժամկետով՝ 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով: