Վրաստանի իշխանությունների կողմից բանտերի ու հալածանքների միջոցով ջավախահայության բողոքը լռեցնելուն միտված բոլոր քայլերը չեն հասնելու իրենց նպատակին: Մեր պայքարը հանգեցնելու է նրան, որ վրացական իշխանությունները վաղ թե ուշ ստիպված են լինելու ենթարկվել առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու հրամայականին: Այդ մասին հայտարարել է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը:
Ըստ Չախալյանի՝ հուլիսի 5-ին Վրաստանի Գերագույն դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել իր եւ իր հոր ու եղբոր՝ Ռուբեն եւ Արմեն Չախալյանների գործը:
«Այս որոշումը սպասելի էր. Գերագույն դատարանը, ինչպես մինչ այդ՝ Առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանները, հլու հնազանդ ենթարկվեց վրացական իշխանությունների կամքին՝ ոտնահարելով արդար դատավարության տարրական սկզբունքները:
Դատարանի այս որոշումը համահունչ է ջավախահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվա-կրթական, կրոնական եւ մշակութային իրավունքների ոտնահարման վրացական իշխանությունների քաղաքականությանը վերջին շրջանում նոր թափ հաղորդելու միտումներին.
- Քաղաքական եւ տնտեսական ճնշման են ենթարկվում, ոստիկանության հսկողության տակ են գտնվում Ջավախքում գործող հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունների ակտիվ անդամները, ազգային գործիչները, հայ ակտիվիստներին ստիպում են հեռանալ երկրից։
- Նոր դրսեւորումներ է ստանում Վրաստանի հայաբնակ շրջանների (Սամցխե-Ջավախք-Ծալկա) էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխման վրացական իշխանությունների ավանդական քաղաքականությունը. վերսկսվել է աջարների Ջավախքում վերաբնակեցնելու գործընթացը։
- Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացման գործընթացի արագացման ուղղությամբ, աշխատանքից ազատվում են իշխանություններին անցանկալի հայ ուսուցիչները։
- Նոր անուններով է համալրվում ջավախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչների Վրաստան մուտքն արգելող «սեւ ցուցակը»,- նշել է Չախալյանն ու հավելել, որ այս պայմաններում ջավախահայության շրջանում հետզհետե ուժեղանում են դժգոհության, օտարվածության, հիասթափության եւ անտարբերության տրամադրությունները, իսկ դրա վերջին եւ ամենավառ վկայությունը մայիսի 30-ի Վրաստանի ՏԻՄ ընտրությունների ջավախահայության կողմից փաստացի բոյկոտն էր, ինչը վրացական իշխանություններին ստիպեց կեղծել Ջավախքում դրանց արդյունքները՝ «նկարելով» 75-78 տոկոս մասնակցություն եւ ստեղծելով իշխող կուսակցության օգտին քվեարկած «մեռյալ հոգիների» ստվար բանակ:
Վահագն Չախալյանը վերահաստատել է իր եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ արդարության վերականգնման համար միջազգային բոլոր ատյաններում պայքարելու վճռականությունը:
Նա նաեւ միջազգային կառույցներից պահանջել է հստակ կեցվածք որդեգրել հայ բնակչության նկատմամբ վրացական իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության անհանդուրժելիության վերաբերյալ:



























