Դատելով հայաստանյան իրավապահ մարմիններում առկա իրավիճակից՝ կարելի է գալ այն եզրահանգման, որ դրանցում քաղաքացիների հանդեպ խոշտանգումների եւ նրանց իրավունքների ոտնահարման դեպքերի վրա որեւէ ազդեցություն չունի անգամ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (CPT):Այս մասին հուլիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով, մարդիկ մեր երկրում ենթարկվում են տոտալ եւ անընդհատ բռնությունների։ «Իրավապահ մարմիները, դատական համակարգը եւ հատուկ քննչական ծառայությունը անմարդկային վերաբերմունքի մասին ահազանգերին որեւէ ուշադրություն չեն դարձնում։ Քաղաքացիները բռնությունների եւ խոշտանգումների են ենթարկվում, իսկ դրանք կատարողները մնում են անպատիժ։ Իրավիճակի շտկման հարցում անզոր են անգամ միջազգային ամենատարբեր կառույցները»,- նշեց Սաքունցը՝ ավելացնելով, որ ինքը խոսում է անընդհատ աճող «բեսպրեդելի» մասին։ «Հնարավոր չէ անընդհատ ոտնահարել քաղաքացիների իրավունքները։ Այս վիճակը հղի է կրիմինալ հեղափոխությամբ։ Բայց ամենացավալին այն է, որ առկա միտումները տանում են գրանցված քիչ թե շատ արդյունքների զրոյացման»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Հարցին, թե մարդկանց ամենահաճախը ո՞ր մարմիններում են բռնությունների եւ խոշտանգումների ենթարկում, Սաքունցը նկատեց, որ դա, առաջին հերթին, ոստիկանությունն է։ «Ոստիկանական բաժանմունքները դարձել են մարդկանց նվաստացնելու մարմիններ։ Հետ չեն մնում նաեւ զինված ուժերը։ Ճիշտ է, մահացության դեպքերն այդ օղակում պակասել են, սակայն այս ոլորտում դեռեւս բավական շատ խնդիրներ կան։ Մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր գրանցվում են նաեւ հոգեբուժարաններում եւ հատուկ նշանակության կրթական հաստատություններում»,- տեղեկացրեց իրավապաշտպանը։
Ամփոփելով՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը նշեց, որ ինքն ամեն օր քաղաքացիների կողմից ամենատարբեր բնույթի տասնյակ զանգեր է ստանում։ «Բոլորը բողոքում են իրենց իրավունքների ոտնահարման եւ իրենց դեմ բանեցված խոշտանգումների մասին։ Զանգերի աշխարհագրությունն այնքան տարբեր է, իսկ բողոքները՝ հաճախ այնքան այլանդակ երեւույթների մասին, որ չգիտենք, թե ինչ անենք։ Ամեն տեղ մարդկանց ծեծում են. ծեծում են Երեւանում, ծեծում են Էջմիածնում, ծեծում են Վանաձորում»,- ավարտեց Սաքունցը՝ չմոռանակով հավելել, որ իրավիճակի համար մեղավորության իր բաժինն ունի նաեւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։
Նշենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նախաձեռնել է «Խոշտանգումները Հայաստանի իրավապահ համակարգում» թեմայով այլընտրանքային զեկույց, որը նախատեսում է հանձնել Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին (CPT)։




























