Եվրոպան դոնորային ծրագրեր է իրականացնում Հարավային Կովկասի երկրներում՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար, քանի որ շահագրգռված է խաղաղության եւ կայունության հաստատմամբ: Այդ մասին Հայաստանում դոնորային ծրագրերի արդյունավետության վերաբերյալ «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված քննարկմանը հայտարարել է Նիդեռլանդների փոխդեսպան Հեյնո վան Հաուվլինգենը:
Նրա խոսքով, ներդնելով դոնորային միջոցներ քաղաքացիական հասարակության զարգացման հատվածում՝ Նիդեռլանդներն նման կերպ նպաստում են այդ երկրներում կայունության հաստատմանը: Ընդ որում, փոխդեսպանը նկատել է, թե Նիդեռլանդներում Հայաստանն արդեն ընկալվում է որպես միջին եկամուտներով երկիր, ուստի դոնորային ծրագրերը զգալիորեն կրճատվել են:
«Շուտով Նիդեռլանդները կդադարեցնի իր բյուջեից Հայաստանին տարեկան 2 մլն դոլար հատկացումը: Սակայն մարդու իրավունքներին ուղղված դոնորային ծրագրերի ֆինանսավորումը կշարունակվի»,- նկատել է նա: Ընդհանուր առմամբ՝ փոխդեսպանը գոհ է Հայաստանում իրականացվող ծրագրերից:
Իր հերթին՝ Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթը նկատել է, թե դոնորային ծրագրերի իրացման ուղղությունների ընտրության հարցում այդ երկրների կառավարությունները որեւէ կերպ չեն ազդում դեսպանների վրա: «Ուղղությունն ու ֆինանսավորման չափը որոշում ենք մենք»,- ասել է նա:
Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջիթինդերը նշել է, որ ԱՄՆ-ը ռեկորդակիր է դոնորային ծրագրերի ֆինանսավորման հարցում: Նա նշել է, որ հարեւան Վրաստանում դոնորային ծրագրերն ավելի հասցեական եւ նպատակամղված են, քան Հայաստանում, որտեղ այդ ծրագրերն ավելի ընդհանրական են:




























