«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչով դիմել է ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանին՝ հրաժարվել Գլխավոր պողոտայի այգում ստորգետնյա եւ վերգետնյա շինարարություն սկսելու մտքից:
Նախաձեռնությունը որպես փաստարկ նշում է, որ.
- Երեւանի կենտրոնում մնացել են ընդամենը մի քանի ծառախմբեր, որոնք այլեւս բավարար թթվածին չեն արտադրում շնչահեղձ լինող երեւանցիների համար,
- Մաշտոցի եւ Գլխավոր պողոտաների այգում հիմնականում սոսիներ եւ կարագաչներ են, որոնց կորուստը չի կարող փոխարինվել,
- այգին տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում՝ վերածված է աղբանոցի եւ տուժում է հարակից շինարարությունից,
- նշված նախագծի մասին քննարկումներ ենք ունեցել ճարտարապետների եւ բնապահպանների հետ, եւ ստացել ենք խիստ բացասական տեսակետներ։ Բացի այդ, մեզ ահազանգել են հարակից շենքերի բնակիչները:
Նախաձեռնությունը Երեւանի իշխանություններից եւ Հայաստանի բնապահպանության նախարարությունից պահանջում է ձեռնպահ մնալ նշված նախագծին որեւէ ընթացք տալուց, լսել եւ հաշվի առնել հասարակության կարծիքը այս հարցում, չկրկնել նախկին սխալները եւ չվտանգել քաղաքացիների կյանքի միջավայրը Հայաստանի մայրաքաղաքի սրտում, վերադառնալ հանրային զբոսայգիները բացառապես որպես հանրային սեփականություն ընկալելու մոտեցմանը՝ չհամարելով դրանք որպես մասնավոր ներդրումների թիրախ, շտապ կերպով համայնքային միջոցներ ուղղորդել այգու բարեկարգման` ծառերի ու խոտածածկի մշտական խնամքի համար։
«Հաշվի առնելով Երեւանը եւ գալիք սերունդների առողջությանը վտանգող էկոլոգիական աղետը՝ «Տաշիր գրուպի» նախագահ պարոն Սամվել Կարապետյանին կոչ ենք անում հանուն Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների՝ հրաժարվել այդ նախագծից»,- նշել են նախաձեռնության անդամները:




























