Եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, աշխարհի վերջը չի լինի: Փետրվարի 8-ին ելույթ ունենալով Մյունխենի համաժողովում՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Twitter-ում համաժողովի պաշտոնական էջում հրապարակված տեղեկության համաձայն, իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «տարածաշրջանի բարեկամների եւ հարեւանների հետ» համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
Նա նաեւ ընդգծել է, որ վերջին տասը տարիներին Իրանը ստուգումների օբյեկտ է դարձել ավելի, քան աշխարհի ցանկացած այլ երկիր: «Եթե մենք համաձայնության չհասնենք, աշխարհի վերջը չի լինի: Հավատացեք, դա միանգամայն հնարավոր է»,- ասել է Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Irna գործակալության համաձայն, Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկրում մեծ անվստահություն կա Արեւմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի մտադրությունների առնչությամբ:
Զարիֆը հավելել է, որ Արեւմուտքի հանդեպ իրանցիների հոռետեսության պատճառները տրամաբանական են: «Իրանն ԱՄՆ-ի հետ չի խոսել անցյալում, բայց մենք դա անում ենք հիմա: Պետք է ասել, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամանքը չպետք է անտեսվի քննարկումների ընթացքում»,- ընդգծել է նախարարը:





























