Թբիլիսիում ընդամենը 3-4 կինոթատրոն կա, եւ դրանք հիմնականում կոմերցիոն են։ Հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Վրաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Նինո Անջափարիձեն։ Իսկ կինոռեժիսոր Լեւան Կոգուաշվիլին, ով եւս ներկա  էր հանդիպմանը եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացրել է «Փողոցային օրեր» ֆիլմը, նշում է, որ կինոթատրոնների այդ քանակությունը շատ քիչ է։

«Եւ հետո  չկա պատշաճ կինոդահլիճ, այնտեղ միայն փառատոններ են լինում, որից հետո դրանք գործնականում դատարկ են մնում»,-նշեց նա։

Իսկ կինոկենտրոնի տնօրեն Նինո Անջափարիձեն էլ հավելեց, որ Վրաստանի այլ քաղաքներում եւս կան կինոթատրոններ, սակայն դրանց մեծ մասը չի գործում։

Նշենք, որ Հայաստանում եւս նման խնդիր կա։ Ամբողջությամբ գործող միակ կինոթատրոնը քաղաքի կենտրոնում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնն է։