Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունին։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ։ Այդ համատեքստում նա կարեւորել է Հայաստանի մասնակցությունը «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին եւ քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացումը։

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին`  «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող հայկական մշակույթի օրերին, նախատեսվում է իր այցը Չինաստան։ Տիգրան Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակության համար։ 2010 թ. հունիսի 2-ին ստորագրված հայ-չինական համաձայնագրով տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին ՀՀ կառավարությանը տրամադրվել էր 20 միլիոն չինական յուանի չափով անհատույց օգնություն եւ 88 շտապօգնության մեքենա։

Դեսպան Չանչունը ՀՀ վարչապետին է փոխանցել ՉԺՀ վարչապետի ողջույնները եւ նշել, որ Չինաստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ։

Տիգրան Սարգսյանը եւ Թիան Չանչունը զրուցել են երկկողմ տնտեսական գործակցության ընդլայնման եւ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են տնտեսական համագործակցության հայ-չինական  միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի եւ հայ-չինական գործարար համաժողովի կազմակերպման մանրամասներ։