Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի մի քաղաքացու, ով կասկածվում է ռեստորանային բիզնեսով զբաղվող «Շանս» ընկերության գլխավոր տնօրենին առեւանգելու մեջ: Գործարարի անունը չի հիշատակվում, սակայն հայտնի է, որ նրա ազատության համար հանցագործը պահանջել է 3 միլիոն ռուբլի (98 հազար դոլար): Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է փրկագինը ստանալու պահին՝ Պուշկինի շրջանի Յարոսլավյան խճուղու 34-րդ կիլոմետրի վրա: Կասկածյալի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ «մարդու առեւանգում» եւ «շորթում» հոդվածներով, որոնք նախատեսում են մինչեւ 15 տարվա ազատազրկում: Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը հուլիսի 13-ին իր երեք հանցակիցների հետ գործարարին տարել է անտառ եւ ձեռնաշղթաներով կապել ծառին: Տուժողին ստիպել են զանգահարել եղբորն ու 3 միլիոն ռուբլի պահանջել իր ազատության դիմաց: Ներկայումս հետաքննություն է ընթանում՝ մյուս կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ:




























