Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, 2015թ.-ի փետրվար ամսին մեկնարկել են ֆիքսված կապի թվայնացման եւ գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում եւ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասում:

Թվայնացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչեւ ս.թ. մարտի 22-ը,  Սառնաղբյուր համայնքի եւ Վանաձորի Տարոն-2 թաղամասի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:   

«Անցյալ տարվա ընթացքում Beeline-ը նշանակալի միջոցներ ներդրեց լարային ենթակառուցվածքի զարգացման համար, որը մեծապես նպաստեց գերարագ լարային ինտերնետի աշխարհագրության ընդլայմանը: Մենք կշարունակենք մեր ենթակառուցվածքների զարգացման գործընթացը` Beeline-ի պարզ եւ հարմար ծառայություններն դարձնելով էլ ավելի որակյալ ու մատչելի», -  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

Նշենք, որ 2014 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց, մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաեւ ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը։