Հայաստանի ոստիկանությունը հերքել է Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի մեղադրանքները, թե վերջինիս պաշտոնանկության մեջ իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Մասնավորապես՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վարդգես Հովակիմյանը, անդրադառնալով իր որդու հետ կատարված միջադեպին եւ իր պաշտոնանկության հետ առկա կապին, ասել էր. «Այս պահին իմ որդին հարցաքննության մեջ է: Իմ որդուն ծեծել են, բայց ամբողջ հրապարակումները եղան, թե իմ տղան կռիվ ա արել: Դրա համար եմ մի քիչ բարկացած: Խնդրեմ, գնացեք հիվանդանոցում տեսեք` իմ որդին կռի՞վ ա արել, թե՞ նրան ծեծել են: Իմ որդին չի հասցրել բան խոսել: Ալիկ Սերգեիչի (Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի) ռեստորանում աստիճաններից իջնելու ժամանակ քաշել-քցել են գետնին, ծեծել են ինչ-որ մի հատ աղջկա վարդ տալու համար: Դա Ալիկ Սերգեիչի շինծու, սարքած բաներն էր»:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հովակիմյանի մեղադրանքն անհիմն է եւ անհեթեթ, մանավանդ, որ Հովակիմյանն այս իբր բացահայտումը փորձում է առնչել իր պաշտոնաթողության պատճառներին:
«Իրողությունն այն է, որ հանրապետության ոստիկանության պետը որեւէ առնչություն չունի ո՛չ Արարատի նախկին մարզպետի պաշտոնաթողությանը, ո՛չ էլ նրա որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին, որի պատճառը, իմիջիայլոց, այն է եղել, որ նա որոշել էր վարդ նվիրել մի անծանոթ աղջկա` վերջինիս ընկերոջ ներկայությամբ...
Կարծում ենք` պատկերն ամբողջացավ, եւ այս մարդկանց նկարագրի վերաբերյալ մեկնաբանություններն ավելորդ են»,- ամփոփել են ոստիկանները:



























