Հայաստանի Հանրային խորհուրդը կողմ է, որ 18 տարին լրացած բոլոր երիտասարդները ծառայեն բանակում:

ՀԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրային Խորհրդի գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի ենթահանձնաժողովը հուլիսի 15-ի իր նիստում, քննարկելով ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ կրթության հիմնախնդիրներին առնչվող բաց նամակում ամփոփված առաջարկությունները, հավանություն է տվել 18 տարին լրացած եւ զինծառայության ենթակա բոլոր երիտասարդների՝ բանակում ծառայելու, իսկ պարտադիր զինծառայությունը 1 եւ կես տարի դարձնելու առաջարկությանը:

Ենթահանձնաժողովն իր հերթին առաջարկել է հայերենի, ռուսերենի, անգլերենի, հայոց պատմության եւ մաթեմատիկայի  պարտադիր ուսուցումը բանակում:

Քննարկվել են նաեւ ավագ դպրոցին առնչվող առաջարկությունները: