Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ապագայում քննարկվելու է Եվրամիության հետ քաղաքական երկխոսության շրջանակներում, ինչը ասոցիացման քննարկվող ուղղություններից մեկն է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը:

Մենք կցանկանայինք, որ ԵՄ դիրքորոշումն այդ հարցում ավելի ակտիվ լիներ, ասել է փոխարտգործնախարարը:

«Մայիսին Եվրախորհրդարանն ընդունել է Հարավային Կովկասի զարգացման ռազմավարությունը, որտեղ միանշանակ ընդգծվել է հայկական զինված ուժերն օկուպացված ադրբեջանական տարածքներից դուրս բերելու անհրաժեշտությունը: Դա հուսադրում է հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ դիրքորոշման մասով»,- ասել է Մամեդկուլիեւը:

Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, ԵՄ ներկայացուցիչ Ջոն Կաերը նկատել է, որ ԵՄ-ն ներգրավված չէ այդ հարցում, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ միանշանակ հանդես գալիս խնդրի խաղաղ կարգավորման օգտին: