Վրաստանում թմրամոլության խնդիրը շատ լուրջ է, սակայն ինձ թվում է, որ դրա գագաթնակետն արդեն անցել է։ Հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց վրացի կինոռեժիսոր Լեվան Կոգուաշվիլին։
Կինոռեժիսորի «Փողոցային օրեր» ֆիմը, որը ներկայացված է «Ոսկե ծիրանի» միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում, թմրամոլության մասին է։
Երեք ոստիկաններ կալանավորում են 45-ամյա Չեքիին` ստիպելով, որ իր ընկերոջ որդուն սովորեցնի թմրադեղ օգտագործել, որպեսզի կարողանան շանտաժի ենթարկել նրա հորը: Չեքին կհայտնվի բանտում, եթե հրաժարվի համագործակցել: Գործազուրկ և հերոինի սիրահար Չեքին մերժելու ճար չունի, բայց նման անխուսափելի ընտրության դեմ-հանդիման հուսահատորեն ջանում է ելք գտնել:
Ռեժիսորն ասաց, որ ներկայումս Վրաստանում կարծես թե սկսել է թմրամիջոցներից ձերբազատվելու գործընթացը։
«Ես չգիտեմ, թե ինչո՞ւ Վրաստանում թմրամոլությունն այդքան տարածված դարձավ, գո՞ւցե սոցիալական խնդիրներն էին, դեպրեսիան, արժեքները, որոնք միմյանց խառնեցին, սակայն գլխավորն ադ գործում, իմ կարծիքով, հոգեւոր դատարկությունն է»,-ասաց կինոռեժիսորը՝ հավելելով, որ թմրամոլությունը Վրաստանում սկսել է տարածվել դեռեւս 80-ականների վերջին։
«Այնուհետեւ 90-ական թվականներին, երբ իշխանության գլուխ եկավ հանցավոր խումբ, թմրադեղեր օգտագործելը մոդայիկ դարձավ, նույնիսկ ռոմանտիզմի տարր կար դրա մեջ»,-ասաց Կոգուաշվիլին։
«Փողոցային օրերում» նկարահանվել է Վրաստանում շատ հայտնի դիզայներ Գուգա Կոտետիշվիլին։


























