Պետեկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է 2009 հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած եւ ապառքի աճ ունեցող 1000 հարկատուների ցանկը։
Վնասով աշխատող ամենախոշոր ընկերությունը «Հայգազարդն» է, որն ունի մոտ 88 մլրդ դրամի (մոտ 240 մլն դոլար) պարտք։ Սա բավական տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ նման անվանումով ընկերություն Հայաստանում ներկա պահին գործունեություն չի ծավալում։ Ընկերությունն առավել հայտնի էր 90-ական թ.թ., երբ միանձնյա կառավարում էր Հայաստանի ողջ գազային տնտեսությունը, այսինքն՝ իրականացնում էր այն գործառույթը, ինչ որ հիմա անում է «Հայռուսգազարդը»։ Սակայն կառավարությունը որոշեց Հայաստանի գազային համակարգը «կիսել» ռուսական «Գազպրոմի» հետ, բայց մինչ այդ՝ 1997 թ. «Հայգազարդը» տրոհվեց 3 մասի՝ «Հայգազարդ», «Հայտրանսգազ» եւ «Հայգազ»: Վերջինիս հիման վրա էլ ստեղծվել է «Հայռուսգազարդը»: Դրանից հետո «Հայգազարդը» շարունակել է ինքնուրույն գոյատեւել, սակայն տնտեսական համակարգում լուրջ դերակատարում չի ունեցել՝ իրականացնելով առավելապես հավատարմագրային կառավարման գործառույթներ: Սակայն պետական այդ ընկերության գործունեությունն ամբողջովին պատված է ստվերով։ Դա մի ձեռնարկություն էր, որի միջոցով «լվացվում էին» այլ պետական ձեռնարկությունների պարտքերը։
Այսպես՝ կառավարության տարբեր որոշումներով 2005-06 թթ. «Հայգազարդին» են միացվել «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ», «Սեւան-Հրազդան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունները, «Նաիրիտը», Վանաձորի քիմիական համալիրը: Այդ բոլոր ընկերությունները հետագայում սեփականաշնորհվել են: Կառավարությունը որոշում ունի նաեւ «Հայգազարդի» սեփականաշնորհման մասին, որը չի կատարվել:
Նշենք, որ կառավարությունը ժամանակ առ ժամանակ սուբսիդավորել է «Հայգազարդին», 2002թ., օրինակ՝ տրամադրել է մոտ 800 մլն դրամ՝ էլեկտրաէներգիայի գծով այլ հիմնարկների պարտքերը մարելու համար:
«Հայգազարդը» միջանկյալ օղակ էր՝ էներգետիկայի ոլորտի օբյեկտները սեփականաշնորհելու նպատակով։ Այսինքն՝ անհուսալի պարտքեր ունեցող ձեռնարկություններին մտցրել են «Հայգազարդի» կազմում, որից հետո այդ ձեռնարկության պարտքերն ավտոմատ հայտնվել են «Հայգազարդի» հաշվեկշռում, իսկ ձեռնարկությունը մասնավորեցվել է առանց պարտքերի։ Սա էլ հենց փողեր լվանալու սխեման էր։
Այսպիսով՝ «Հայգազարդի» այդ 88 մլրդ դրամ պարտքը Հայաստանի էներգետիկ ընկերությունների պարտքերի հանրագումարն է՝ գոյացած տարբեր տարիների ընթացքում: Իսկ թե ո՞վ պետք է մարի այդ պարտքը՝ այնքան էլ պարզ չէ։




























