Հայաստանի հանրային ռադիոյի ձայնադարանը համալրվել է թվայնացված եւս մեկ ալբոմով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ մշակույթի նախարարության եւ «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում այս անգամ ստեղծվել է Կոմիտաս վարդապետի 145-ամյա հոբելյանին նվիրված ձայնասկավառակ, որը ներառում է հայերեն եւ անգլերեն յոթ աուդիո եւ մեկ մուլտիմեդիա սկավառակ: Ալբոմում ընդգրկված են Կոմիտասի լուսանկարներ եւ մատիտանկարներ, վարդապետի կատարմամբ պահպանված ձայնագրություններ, ինչպես նաեւ Հայաստանի երաժշտական կոլեկտիվների կոմիտասյան ստեղծագործությունների լավագույն կատարումներ:
Այս ինքնատիպ հավաքածուն կարեւոր է ոչ միայն որպես սերունդներին փոխանցվող մշակութային արժեք, այլեւ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ներկայացվող կոչնակ` ուղղված ամբողջ աշխարհին: Հավաքածուն նախատեսված չէ վաճառքի համար: Թվայնացված ալբոմը տրամադրվելու է աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին: Ձայնասկավառակն ապագա սերունդներին ուղղված պատգամ է` պահպանելու եւ տարածելու մեզ հասած մշակութային հարուստ ժառանգությունը:





























