Հայաստանյան բանկերի մի մասը 2009 թ. փակել է վնասներով։ Այդ մասին նշված է Պետեկամուտների կոմիտեի հրապարակած՝ հարկային վնասներ կրած ընկերությունների ցանկում։
Ամենամեծ վնասներ կրել է ղազախական կապիտալով աշխատող «ԲՏԱ բանկը»՝ 1,2 մլրդ դրամ։ Նշենք, որ այս բանկի խորհրդի միակ հայ անդամը՝ Արտակ Սաֆարյանը մոտ 4 տարի աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում, այդ թվում՝ վերահսկողական ծառայությունում։ Հարկ է նշել, որ այս, ինչպես նաեւ ցանկում հայտնված մյուս բանկերը 2008 թ. եւս փակել են վնասով, ուստի խոսել ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցության մասին տեղին չէր լինի։ Այսպես՝ «ԲՏԱ բանկը» 2008 թ. փակել է 940 մլն դրամ վնասով։ Հայաստանում փաստորեն ձեւավորվում է բանկերի մի խումբ, որոնք տարիներ շարունակ գործում են վնասներով։ Այդ «խմբի» անդամ են նաեւ «ՊրոԿրեդիտ բանկը»՝ 817 մլն դրամ վնասով, որը, ի դեպ, գործունեություն է ծավալում 2008թ. փետրվարից, եւ «Բիբլոս բանկ Արմենիան»՝ 111 մլն դրամով։ Ընդ որում՝ բոլոր այս բանկերի վնասները նախորդ տարվա համեմատ աճել են։
Վնասով աշխատող բանկերի ցանկը 2009 թ. համալրել են «Կոնվերս բանկը»՝ 786 մլն դրամ վնասով եւ «Մելլաթ բանկը»՝ 391 մլն դրամ վնասով։ Սակայն «վնասովների» ցանկից կարողացել է դուրս գալ «Արդշինինվեստբանկը»։
Վնասով աշխատող բանկերի թվում նշված են հասարակությանը անծանոթ 2 անուններ՝ «Տրաստբանկը» եւ «Լենդ բանկը»։ Սրանք լուծարման գործընթացի մեջ գտնվող կազմակերպություններ են։ ՀՀ Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից հաջողվեց պարզել, որ ԿԲ խորհրդի ապրիլի 13-ի նիստի որոշմամբ «Տրաստ բանկը» համարվել է լուծարված։




























