Շվեյցարական HSBC բանկում Գարեգին Բ-ի անունով հաշիվը բացվել է Գարեգին Ա-ի օրոք՝ անհատ բարերարի կողմից, եւ նրա մահվանից հետո հաշվեհամարը ըստ կարգի անվանափոխվել է Գարեգին Բ-ի անունով: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ նշելով, որ կաթողիկոսի մահվանից հետո այն կփոխվի նրա հաջորդի անունով։

Նրա խոսքով՝ առաջինը այդ հաշիվը ունեցել է Վազգեն 1-ինը,  բայց քանի որ այն ժամանակ բանկային օրենքներով հաշվեհամարը չէր կարող գրանցվել եկեղեցու անունով, հաշիվը բացվել է կաթողիկոսի անունով, որի գումարն ավելի ուշ փոխանցվել է Գարեգին Ա-ի հաշվեհամարին։

 «Հաշվի վրայի 1 մլն 100 հազար դոլարից 1 մլն անձեռնմխելի գումար է, իսկ 100 հազարն այն շահույթներն են, որոնք գոյացել են։ Միայն շահույթը կարող է ինչ-որ նպատակներով օգտագործվել: Հաշվեհամարը գաղտնազերծվել է, անձնական հաշիվ չէ, ուղղակի այդ հաշվեհամարը տնօրինելու իրավունք ունի Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր առաջնորդը, որն այս պահին Գարեգին Բ կաթողիկոսն է: Եվ տնօրինումները կատարվում են նրա ստորագրությամբ եւ գիտությամբ»,- ասաց Տեր Վահրամը՝ հրաժարվելով պատասխանել Գարեգին Բ-ի անձնական հաշիվների վերաբերյալ լրագրողների հարցին։

Տեր Վահրամը նաեւ նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցին կարգապահ հարկատու է, թեեւ որոշ հարկերի կտրվածքով այն ազատված է հարկումներից, օրինակ, գույքահարկից, քանի որ դա համարվում է ազգային հարստություն է, ոչ թե առաքելական եկեղեցուն սպասարկող անձերի սեփականություն։