Չինացի ցանցահենները կոտրել են Forbes ամսագրի կայքը եւ այն օգտագործել են ամերիկյան պաշտպանական եւ ֆինանսական ընկերություններին հետեւելու համար, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով կիբերանվտանգության ոլորտում մասնագիտացած iSIGHT Partners եւ Invincea կազմակերպությունները։

Հաղորդվում է, որ նոյեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում «Thought of the Day» հավելվածը, որը ընթերցողներին առաջարկում է այցելել կայք, ենթարկվել էր հաքերական հարձակման եւ որոշ կազմակերպությունների այցելուներին ուղղորդում էր մեկ ուրիշ կայք, որտեղից նրանց համակարգիչները կարող էին վարակվել տարբեր համակարգչային վիրուսներով։

Մասնագետները այս վնասակար ծրագրերը, որոնք ղեկավարվում են սերվերներից, որոնք օգտագործվել են Forbes-ի վրա հարձակում կատարելիս, կապում են կայքերի վրա կատարված հաքերական հարձակումների հետ, որոնք այցելում են չինացի օգտատերերը։ Հաքերները օգտագործել են Adobe Flash եւ Internet Explorer ծրագրերում առկա թերությունները։ Forbes-ը նույնպես հաստատել է միջադեպի առկայությունը՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում Forbes-ի հետ կապված ծրագիրը ենթարկվել է փոփոխություն, ինչը հայտնաբերելուց հետո նրանք անմիջապես վերականգնել են այն։

Ամսագիրը նշում է, որ սկսված հետաքննությունը չի հայտնաբերել հավելյալ կամ պահպանվող ծրագրերի, կամ տվյալների արտահոսքի նշաններ։ Նրանք նաեւ հաստատել են, որ հարձակումը ուղղված էր մի շարք կազմակերպությունների վրա, որոնք աշխատում են պաշտպանության եւ ֆինանսական ծառայությունների ոլորտում։