Պարբերականը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ի նիստում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կքննարկվի Թուրքիայում ԱՄՆ դեսպան առաջադրված Ֆրանցիս Ջոզեֆ Ռիկարդոնեի նշանակման հարցը:

Դեսպանի պաշտոնին Ռիկարդոնեի թեկնածությունը առաջադրել է նախագահ Բարաք Օբաման: Եթե նրա թեկնածությունը, բացի հանձնաժողովից, հաստատի նաեւ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը, ապա նա Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Ջեյմս Ջեֆրիին: «Մեզ հետաքրքրողը, սակայն, Թուրքիայում ԱՄՆ դեսպանի փոփոխությունը չէ, այլ Ամերիկայի հայկական համագումարի փոփոխության հետ կապված նախաձեռնությունը: Ինչպես երեկվա համարում նշել է «Ջումհուրիեթը», Ամերիկայի հայկական համագումարը նախագահ Օբամային զգուշացրել է, որ դեսպանի պաշտոնում նշանակվելու դեպքում Ռիկարդոնեն 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու առնչությամբ պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա: Ըստ թուրքական թերթի, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, սփյուռքահայ որոշ կայքէջերի վկայությամբ, ասել է. «Ակնկալում ենք, որ դեսպան նշանակվելու պարագային Ռիկարդոնեն ժխտողականությանը վերջ տալու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առումով կճնշի Թուրքիային: Միաժամանակ սպասում ենք, որ նա ճնշում գործադրի, որպեսզի Թուրքիան վերջ տա 20 տարի շարունակ Հայաստանի դեմ կիրառվող շրջափակմանն ու կատարի Հայաստանի հետ հարաբերությունների` առանց նախապայմանի կատարման առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները»:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Արդունու մտահոգությունները հասկանալի են: Սակայն նա էլ պետք է հասկանա, որ նախքան Ռիկարդոնեի Հայոց ցեղասպանության ճանաչման առումով Թուրքիայի վրա ճնշում գործադրելը ԱՄՆ Կոնգրեսը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, եւ դա վավերացնի նախագահը, իսկ Ռիկարդոնեին այդպիսի հրահանգ տալուց առաջ, ինքը` Օբաման, 1915-ի իրադարձությունների առնչությամբ պարտադիր պետք է արտասանի Ցեղասպանություն բառը: Այլապես` Ռիկարդոնեի ճնշումները հազիվ թե նպատակին ծառայեն»,-նշում է թերթը: