Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, պատերազմի վտանգը մշտապես առկա է լինելու: Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարում: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ իշխանությունները փորձում են բանեցնել ԼՂ խնդրի դիվանագիտական վերջին հնարավորությունները:
«Եթե ոչ Հայաստանը, ապա Ադրբեջանը իր հաշվարկներում կարող է ունենալ խնդիրը պատերազմի միջոցով լուծելու մտադրությունը»,- նշել է առաջին նախագահն ու նկատել, որ «իշխանությունները, ի պատասխան Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունների, ասում են, թե մեր մարտունակ բանակը, միջազգային հանրությունը թույլ չեն տա: Հարկ եղած դեպքում դետալ-դետալ կարող եմ բացատրել այդ հայտարարության սնանկությունը: Պատերազմի վերսկսման հնարավորությունը նույնքան է, որքան երեկ էր եւ լինելու է վաղը: Չի կարելի ժողովրդին խաբել, թե պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը չի հաջողի»: Տեր-Պետրոսյանը նշել է նաեւ, որ Հայաստանն այսօր կանգնած է ժողովրդագրական լուրջ խնդրի առջեւ: «100 տարի հետո գուցե Հայաստանը զարգացած երկիր լինի, սակայն հայազուրկ լինելու վտանգ է սպառնում: Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը ժողովրդագրական խնդիրն է»,- ամփոփել է Տեր-Պետրոսյանը:




























