Beeline-ը Հայաստանում գործարկել է Fiber to the Building (FTTB) ծառայությունը: Փետրվարի 12-ին «Արմենտել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը լրագրողներին հայտնել է, որ կազմակերպությունն այժմ Երեւանում եւ Աբովյան քաղաքում մինչեւ բնակարաններ հասնող օպտիկա-մալուխային ցանց է ստեղծում: Այժմ ծառայությունը հասանելի է Երեւանի հյուսիսում՝ Նոր Նորքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածներում եւ Ավանում:

«Beeline համացանց» առաջարկում է վայրկյանում 10, 35, 50 եւ 70 մեգաբայթ արագությամբ ծառայություն, որի արժեքը տատանվում է 5-13 հազար դրամի սահմաններում: Ներկայիս ADSL-համացանցի համեմատությամբ արագությունը կավելանա մի քանի անգամ:

ADSL կապի Hi Line գործող բաժանորդները կարող են միանալ «Beeline համացանց» օպտիկական մալուխին անկախ պայմանագրի ժամկետից եւ կարող են պահպանել Hi Line-ը, որպես պահեստային տարբերակ ամսեկան 90 դրամ խորհրդանշական գումարով:

«Տարվա կեսերին մենք դուրս կգանք շրջանների քաղաքներ: Դեռեւս չեմ կարող ասել, թե որքան մենք կներդնենք, սակայն կարող եմ ասել, որ դա միլիոնավոր դոլարներ եւ միլիարդավոր դրամներ են»,-հավելել է Պյատախին: Իսկ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով Beeline-ի փոխնախագահ Անդրեյ Պատոկան հավելեց, որ նրանք կրկին մտադիր են ապացուցել իրենց առաջնային դերը շուկայում: