Հայոց համազգային շարժման համագումարը տեղի է ունենում Հայաստանի համար շատ բարդ ժամանակներում, երբ բանտերում են քաղբանտարկյալները, իսկ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը ավելի է վատանում: Այդ մասին ՀՀՇ 16-րդ համագումարում հայտարարել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

ՀԺԿ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀՇ-ն եւ Հայ Ազգային Կոնգրեսի անդամ-կուսակցությունները իշխանությունների դեմ պայքարում հաջողություններ կարձանագրեն՝ նշելով, որ ՀԺԿ-ն հաստատակամ է ՀԱԿ-ի շարքերում շարունակելու պայքարը:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին նկատել է, թե «3-րդ հանրապետության պատմությունը նույնացվում է ՀՀՇ-ի հետ, եւ ընդունված է անցյալի ներկայի եւ ապագայի բոլոր սխալները վերագրել ՀՀՇ-ին»:

Անդրադառնալով ԼՂՀ խնդրին, Արամ Սարգսյանը նշել է, թե Ղարաբաղի հարցը մշտապես եղել է պատրվակ Հայաստանի իշխանությունների համար, եւ նրանք ամեն հարց կապում են այդ խնդրի հետ:

«ԼՂ հարցն այս իշխանությունների համար դարձել է պատյան եւ նրանք ամեն անգամ կրիայի պես մտնում են այդ պատյանի մեջ եւ փակվում»,- նշել է Արամ Սարգսյանը եւ հավելել. «Իշխանությունն այսօր 2 փրկօղակ ունի, ԼՂՀ-ն, որ ամեն ինչի պատրվակն է, եւ ՀՀՇ-ն, որն ամեն ինչի պատճառն է: Բայց ԼՂՀ հարցը մեր ժողովրդի համար պատճառ եւ պատրվակ չէ»: Արամ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ իշխանությունը դատապարտված է եւ շուտով կհեռանա: 

Համագումարում ելույթ է ունեցել նաեւ գերմանական «Ֆրիդրիխ Նաումանի» հիմնադրամի ներկայացուցիչը եւ Գերմանիայի դեմոկրատների անունից պահանջել է ազատ արձակել Հայաստանի քաղբանտարկյալներին: