Ստամբուլի Ռեշիդ Բեյ համերգասրահում հուլիս 16-ին տեղի է ունեցել հայ եւ թուրք երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ համերգ։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ «Թուրքիա-Հայաստան երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ» անունը կրող եւ18- 23 տարեկան հայ եւ թուրք երիտասարդներից կազմված երաժշտախումբը՝ Նվարդ Անդրեասյանի եւ Ջեմ Մանսուրի ղեկավարությամբ, տվեցին իրենց առաջին համերգը։
Համերգի ընթացքում հնչել են հայտնի դասականների գործեր, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի, Բիզեի, Բախի եւ այլոց։
Թուրքական կողմի ղեկավար Ջեմ Մանսուրը նշել է, որ միմյանց հետ դեռեւս չպարզված հարաբերություններ ունեցող երկու ժողովուրդների միջեւ երաժշտությունը կամուրջի դեր կարող է ստանձնել։ «Ինչո՞ւՀայաստանը ընտրեցինք։ Որովհետեւ Հայաստանի հետ սահմանը փակ է, եւ չկան դիվանագիտական հարաբերություններ»,- նշել է Ջեմ Մանսուրը՝ ամփոփելով, որ համերգից գոհ են մնացել թե՛ թուրք, թե՛ Թուրքիայում ապրող հայ հանդիսատեսը։
«Թուրքիա-Հայաստան երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ ը» նախատեսում է աշնանը մի համերգ էլ Հայաստանում կազմակերպել։




























