Պոպոլուիզմը չաշխատող գործիք է եւ այս պարագայում, կարծում եմ, Ծառուկյանը կորցրեց եւս մեկ, գուցե՝ պատմական շանս՝ այս ամեն ինչից դուրս գալ արժանապատվության մնացորդները պահպանելով որպես սեփական եսի բնութագիր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Պարոն Աշոտյան, ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը քաղխորհրդի նիստին:
Գագիկ Ծառուկյանի ելույթից ակնհայտ էր՝ ա՝ նա կրկին չհասկացավ, թե ինչ է կարդում, բ՝ այդպես էլ չհասկացավ՝ ինչ է ասել նախագահը: Ցավում եմ ու շատ ափսոս, բայց հերթական անգամ Ծառուկյանը ընդգծեց իր ելույթում, որ այն ինչ երեկ ընդունվեց ՀՀԿ նիստում, ճիշտ էր եւ տեղին: Ակնհայտ էր, որ հաշվարկը արված է պոպուլիստական շեշտադրումներով, երկրում առկա խնդիրները որեւէ մեկը չի ժխտել, դրանք լուծում ենք մենք բոլորս, այդ խնդիրների փակման մի զգալի մասի պատասխանատուն է Ծառուկյանը եւ ծառուկյանական մտածելակերպ ունեցող փողատեր, իշխանության նկրտումներով մարդիկ: Խաշած հավի ծիծաղ է գալիս, երբ Ծառուկյանը խոսում է արտաքին քաղաքականությունից, ազգային անվտանգությունից, միջազգային հարաբերություններից: Արդյոք երկրում որեւէ մեկը լուրջ պատկերացնում է, որ կարող է Գագիկ Ծառուկյանի նման մեկը լինել երկրի գերագույն հրամանատար կամ Հայաստանը ներկայացնի արտերկրում: Ամոթալի պատմությունները իր արտասահմանյան վոյաժներից օրերս համալրվեցին մոսկովյան այցի իրական տեղեկատվությամբ եւ անգամ վատ մոնտաժած կադրերում երեւում էր, թե ինչ երկրորդ կարգի քաղաքական թիմի ընդունելություն էին պատրաստել մեր ռազմավարական գործընկեր հանդիսացող երկրում իր համար: էլ չխոսեմ եվրոպական շրջագայությունների բազմաթիվ խայտառակ պատմությունների մասին, որոնք վերհիշելու համար կարելի է ընթերցել ԵԺԿ ուսումնասիրող խմբի նյութը, որ եկել էր Հայաստան՝ քննարկելու ԲՀԿ-ի ԵԺԿ անդամ դառնալու հայտը: Ակնհայտ է նաեւ, որ պոպոլուիզմը չաշխատող գործիք է եւ այս պարագայում, կարծում եմ, Ծառուկյանը կորցրեց եւս մեկ, գուցե՝ պատմական շանս՝ այս ամեն ինչից դուրս գալ արժանապատվության մնացորդները պահպանելով որպես սեփական եսի բնութագիր: Ով ով, գոնե լրատվական դաշտը, քաղաքական շրջանակները շատ լավ գիտեն, թե ինչ կեցվածք ունի Ծառուկյանը, երբ հանդիպում է Սերժ Սարգսյանին եւ իր կաբինետում հանդիպումերի ժամանակ ջանք ու եռանդ չի խնայում քաղաքական սիրո բացատրությունների եւ հավատարմական երդումների, խոստումների մեջ: Այդ երդումները դրժող մարդու բնութագիրը ես չէ, որ պետք է տամ: Իսկ երբ Ծառուկյանը խոսում է «Նաիրիտի» պրոբլեմներից, տպավորություն եմ ստանում, որ կրկին շփոթել է ամեն ինչ, կամ էլ միաժամանակ լսացնում է նախկին նախագահներից մեկին:
Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի՝ արտահերթ նախագահական ընտրություններին գնալու եւ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու վերաբերյալ հայտարարությունը:
Ծառուկյանին պատասխանեմ իր իսկ հերթական չհաջողված խայտառակ հարցազրույցներից մեկով, որ ինքը տվել է ռուսական լրատվամիջոցներից մեկին դեռեւս 2007թ, երբ լրագրողը հարցնում էր մայդանների մասին: Կներեք եթե իմ մոտ ավելի լավ ստացվի ռուսերեն, քան Ծառուկյանի մոտ էր ստացվել՝ «у нас президент сильный, он всех накажет»:
Պարոն Աշոտյան, Գագիկ Ծառուկյանը նշել է, որ իրեն առաջարկվել է նախագահի պաշտոն սահմանդրական փոփոխություններից հետո, ինչից ինքը հրաժարվել է: Նա նաեւ ասել է, թե ինքը ցանկացել է 6 ամիս առաջ պաշտոնապես լքել Ազգային անվտանգության խորհուրդը, սակայն դա չի արել Սերժ Սարգսյանի անձնական մարդկային խնդրանքի պատճառով:
Ծառուկյանի speechwriter-ների անհաջող անեկդոտները չեմ մեկնաբանում: Ինքս եմ քանիցս ականատես եղել, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը որսում Սերժ Սարգսյանի հայացքը, երբ գալիս է, որպեսզի ճանապարհի երկրի նախագահին արտերկիր կամ դիմավորի: Ինքս լավ գիտեմ, որ նա մի բան խոսում է Բաղրամյան 26-ում, բացատրություններ է տալիս, որ ինքը մեղավոր չէ, Լեւոն Տեր-Պետորսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ ինչ-որ մեկն է դրդում, ինքը ծանոթ չի եղել տեքստին, չի ցանկացել ասել, դրա մասին բոլորը գիտեն: Չհաջողված մեսիայի այս առաքելությունը, որը փորձում էր իր վրա վերցնել մի մարդ, որը բարոյական, կրթական հիմնավորում չունի, եւս մեկ անգամ ապացուցում է,թե ինչ խայտառակ վիճակի է հասել Ծառուկյանի Հայաստանի քաղաքական ներկապնակում:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























