Իջեւանի զորամասերից մեկում 2014թ.-ի մայիսի 10-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես  Կարապետյանի գործով նախաքննությունը շարունակվում է:

NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով 2 մեղադրյալ կա:

«Այլ մանրամասներ հայտնել չենք կարող, որովհետեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դիմել է նախաքննական մարմնին, որ եղբոր մահվան փաստի առթիվ քննվող գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրվի հասարակական կազմակերպություններին եւ ԶԼՄ-ներին»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:

Նշենք, որ այս գործով 2014թ.-ի հունիսի 17-ին մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Ասրյանին ու պայմանագրային զինծառայող, սերժանտ Էդգար Մանուկյանին: Գարեգին  Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 365 հոդ. 1-ին եւ 314 հոդ. 1-ին մասերով, 360 հոդ. 2-րդ մասով, իսկ Էդգար Մանուկյանին՝ ՀՀ քր. օր-ի  365 հոդ. 1-ին եւ 314 հոդ. 1-ին մասերով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: