Փետրվարի 13-ին Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանում կայացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի («ԻԿՐԱՆԵՏ») միջեւ Հայաստանի Հանրապետությունում «ԻԿՐԱՆԵՏ»-ի կենտրոն հիմնադրելու մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը:
ՀՀ կողմից համաձայնագիրը ստորագրեց Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, իսկ «ԻԿՐԱՆԵՏ»-ի կողմից՝ տնօրեն, պրոֆեսոր Ռեմո Ռուֆինին: Համաձայնագրի շրջանակներում Հայաստանում հիմնադրվում է տարածաշրջանային կենտրոն, որն աջակցելու է ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտությունների, վերապատրաստման եւ կրթության ազգային գործունեությանը:
Ստորագրման արարողությունից հետո ելույթներով հանդես եկան դեսպան Ղազարյանը եւ պրոֆեսոր Ռուֆինին: Իր խոսքում դեսպան Ղազարյանը կարեւորեց կենտրոնի հիմնադրումը եւ գոհունակություն հայտնեց, որ երկար աշխատանքներից հետո այն վերջապես կյանքի կոչվեց, ու հայկական կողմն ակնկալում է արդյունավետ համագործակցություն: Դեսպանն անդրադարձավ նաեւ ՀՀ կառավարության կողմից գիտության զարգացմանը տրվող առանձնահատուկ նշանակությանը եւ հույս հայտնեց, որ կենտրոնն իր նպաստը կբերի այդ գործում՝ արդյունավետ համագործակցություն հաստատելով հնարավորինս շատ երկրների նույնանման կենտրոնների հետ, եւ կդառնա գործիք գիտական դիվանագիտության համար: Միեւնույն ժամանակ նշվեց, որ «ԻԿՐԱՆԵՏ»-ն իր հերթին կարող է օգտվել Հայաստանի՝ աստղաֆիզիկայի ոլորտում առկա մեծ ներուժից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ հետագա համագործակցության հնարավոր ճանապարհները:
«ԻԿՐԱՆԵՏ»-ը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003թ.: Նրա նպատակն է աջակցել կրթությանը, վերապատրաստմանը եւ իրականացնել հետազոտություններ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում: «ԻԿՐԱՆԵՏ»-ին անդամակցում են Հայաստանը, Բրազիլիան, Իտալիան եւ Վատիկանը, ինչպես նաեւ երեք համալսարան՝ Տուքսոնի համալսարան (ԱՄՆ), Ստանֆորդի համալսարան (ԱՄՆ), «ԻԿՐԱ» եւ մի շարք հետազոտական կենտրոններ: Հայաստանն անդամակցել է «ԻԿՐԱՆԵՏ»-ին 2003թ. հոկտեմբերի 30-ին:





























