ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը միջազգային հանրության հերթական «դեղին քարտն» էր Ադրբեջանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ երկրների պատվիրակությունների ղեկավարների, Ղազախստանում կայացած գագաթնաժողովում խոսելով ռազմատենչ հռետորաբանության անթույլատրելիության մասին, ըստ էության եւս մեկ անգամ զգուշացրել է Ադրբեջանին՝ զերծ մնալ իր վարած քաղաքականությունից, քանի որ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները հնչում են հենց Բաքվի շուրթերից: «Այդ հայտարարությունը եւս մեկ անգամ վկայեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- նկատել է Շարմազանովը:

Նա նաեւ շեշտը դրել է հայտարարության այն դրույթների վրա, թե անթույլատրելի է բաժանել Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների Աքվիլլայում արած հայտարարության տարրերը: «Հենց Ադրբեջանն է փորձում տարանջատել նախագահների հայտարարությունը, եւ, ըստ էության, ԵԱՀԿ ՄԽ պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը հասցեագրված էր Բաքվին»,- նկատել է Շարմազանովը:

«Եւս մեկ ոչ պակաս կարեւոր պահ, հեղինակները հղում են անում 1994թ. հրադադարի պայմանագրին, որը ստորագրվել էր նաեւ Ստեփանակերտի կողմից: Դրանով ԵԱՀԿ ՄԽ երկրները ցանկանում են ցույց տալ, որ ճանաչում են Լեռնային Ղարաբաղը, որպես բանակցությունների կողմ»,- ամփոփել Շարմազանովը: