Բուլղարիան ՌԴ-ում ստորագրել է «ճանապարհային քարտեզ»՝ «Հարավային հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ, ինչպես նաեւ համապատասխան արձանագրություն՝ դեպի Բուլղարիա ռուսական գազի փոխադրման վերաբերյալ:  Փաստաթղթերը ստորագրել են ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն եւ Բուլղարիայի  էկոնոմիկայի, էներգետիկայի եւ զբոսաշրջության նախարար Տրայչո Տրայկովը:

«Ճանապարհային քարտեզը» ներառում է ծրագրի իրականացման տեխնիկական-տնտեսագիտական աշխատանքների գրաֆիկը, դրանց իրականացման վերաբերյալ կոնկրետ ժամկետներով, ինչպես նաեւ ծրագրի կյանքի կոչման հետ կապված այլ մանրամասներ: «Հարավային հոսքի» հզորությունը կազմում է 63 միլիարդ խմ  գազ, որի փոխադրման համար պետք է օգտագործվեն ինչպես Բուլղարիայի տարածքում եղած գազատարները, այդպես էլ կառուցվելիք նոր մայրուղիները:

«Հարավային հոսքը» («Հյուսիսային հոսքի» հետ մեկտեղ) մեկն է այն արտաքին գազատարներից, որը առանց տրանզիտային երկրների՝ Ռուսաստանի տարածքը կապում է Եվրամիության երկրների հետ: «Հարավային հոսքը» նախատեսվում է անցկացնել Սեւ ծովի ջրային ավազանով՝ դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ: