Այսօր՝ առավոտյան 9։30-ից 10։00 ընկած ժամանակահատվածում «Ինեկոբանկի» Մալաթիայի մասնաճյուղ է ներխուժել դիմակավորված եւ խաղալիք ատրճանակով «զինված» ոմն քաղաքացի՝ փորձելով կողոպուտ կատարել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ինեկոբանկի» մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար Արթուր Ազիզյանը։

Նր խոսքով, սակայն, բանկի անվտանգության աշխատակիցները արագ արձագանքել են միջադեպին, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանները օրինախախտ քաղաքացուն տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։ «Բանկին եւ նրա աշխատակիցներին ոչ մի վնաս չի հասցվել։ Բանկն արագորեն վերադարձել է աշխատանքային իր սովորական ռեժիմին»,- տեղեկացրեց Արթուր Ազիզյանը։  

Հարցին, թե հայտնի՞ են արդյոք «հանցագործի» անունը եւ ազգանունը, «Ինեկոբանկի» աշխատակիցը պատասխանեց, որ նրա ինքնությունը դեռեւս պարզված չէ։