Ոստիկանությունը տեսանյութ է տարածել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու՝ Մհեր Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին, որի ժամանակ նա կրակոցներ էր արձակել:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է եւ կրակոցներ են հնչում:
Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 67-ամյա Հովսեփ Մ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 22.00-ին իրեն պատկանող, նշված շենքի նկուղային հարկում գտնվող գրասենյակում ծագած վիճաբանության ժամանակ իր ծանոթ՝ 47-ամյա Մհեր Պետրոսյանը ձեռքով հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով ատրճանակը` կրակել է իր ուղղությամբ` գլխի շրջանում պատճառելով վնասվածք:
Կատարվածից հետո Մհեր Պետրոսյանը դիմել էր փախուստի: Ոստիկանները դեպքի վայրից հայտնաբերել են «ԻԺ 71» տիպի երեք 9 մմ տրամաչափի փամփուշտներով լիցքավորված ատրճանակը, որոնցից մեկը եղել է փողի, իսկ երկուսը` պահունակի մեջ:
Նույն օրը, ժամը 22.30-ին, Մհեր Պետրոսյանը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք: Նրա խոսքով՝ համատեղ ծավալած բիզնեսի շուրջ տարաձայնությունների պատճառով էր ծագել վեճն ու ավարտվել կրակոցով: «Վստահել եմ, իրենց անունով եմ արել ընկերությունը, ընթացքում տիրացել են ներդրումներին, որի պատճառով էլ վեճ է առաջացել: Ժամադրված էինք իրավաբան, փաստաբան, հաշվապահ, որտեղ քննարկման ժամանակ վեճ առաջացավ: Հետո վերածվեց կռվի, քաշքշուկի: Ես չեմ հիշում ինչ է եղել, հետո ես կրակել եմ»,-պատմել է Մհեր Պետրոսյանը:
Մհեր Պ.-ն ձերբակալվել, ապա կալանավորվել է:











