Իտալական Կատանիա քաղաքում հինգշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել. հիվանդանոցում ազատ տեղերի բացակայության պատճառով բժիշկները չեն կարողացել փրկել նորածին աղջկա՝ Նիկոլ դի Պյետրոյի կյանքը:
Նրա ծնվելուց անմիջապես հետո «Ջիբիինո» մասնավոր կլինիկայի բժիշկները երեխայի մոտ շնչառական խնդիրներ են նկատել: Անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերել չեն կարողացել՝ անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով, եւ փոքրիկին տեղափոխել են հարեւան հիվանդանոց: Այնտեղ էլ, ինչպես նաեւ հաջորդ երկու կլինիկաներում, ազատ տեղ չի եղել: Արդյունքում Նիկոլը շտապօգնության մեքենայում մահացել է:
Ըստ Euronews-ի, մայրը փոքրիկի մահվան համար մեղադրել է բուժանձնակազմին: Facebook-ի իր էջում նա գրել է, որ Նիկոլը մահացել է բժիշկների սխալի պատճառով, որից կարելի էր խուսափել:
Նույն շաբաթվա ընթացքում Նեապոլում եւս մեկ դեպք է գրանցվել. 8 ամսական աղջնակը մահացել է այնպիսի պայմաններում, որոնք նույնպես կասկածի տակ են դնում իտալական մանկական բժիշկների աշխատանքի որակը: Այս դեպքերով հետաքրքրվել են ոչ միայն Իտալիայի առողջապահության նախարարությունում, այլեւ ոստիկանությունում:











