Մեծ Բրիտանիայում առաջարկել են ստեղծել առցանց դատարաններ, որոնք կքննեն մանր իրավաբանական վեճերը։ Այս մասին գրում է The Independent-ը։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել քաղաքացիական հարցերով խորհուրդը (CJC)։ Ինչպես հայտնել է քաղաքացիական հարցերով Անգլիայի եւ Ուելսի գլխավոր դատավոր Ջոն Դայսոնը, սույն առաջարկը կարեւոր ուղենիշ է հանդիսանում։ Համաձայն դրա՝ առցանց դատավորները կարող են տարեկան հազարավոր հայցեր քննարկել, ինչը հնարավորություն կտա արդարադատության նախարարության համար զգալի դրամական միջոցներ խնայել։ Խորհուրդը կարծում է, որ ավանդական դատարանների հետ զուգահեռ աշխատող այս համակարգը կբարելավի արդարադատության համակարգն ու առավել ռացիոնալ կդարձնի դատական գործընթացը, գրում է Gazeta-ն։
Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են գործարկել կարճաժամկետ սխեմա, որի շրջանակներում առցանց դատավորները կքննեն մինչեւ 25 հազար ֆունտ արժեցող հայցերը եւ որոշում կկայացնեն էլեկտրոնային տարբերակով ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո։
Իբրեւ այլընտրանք՝ առաջարկվում է դիտարկել «հեռախոսային լսումների» տարբերակը։
CJC-ը հայտարարել է, որ նախաձեռնության ոգեշնչման աղբյուր է հանդիսացել eBay ընկերության օրինակը, որը 60 մլն գործ է քննում համապատասխան առցանց համակարգի միջոցով։





























