Ավստրալիացի գիտնականները կրթական հաստատություններին կոչ են արել խրախուսել աշակերտներին եւ ուսանողներին, որ նրանք օգտվեն « Վիկիպեդիա» առցանց հանրագիտարանից: Gazeta-ի հաղորդմամբ՝ Մոնաշի համալսարանի ուսումնասիրողները նման հայտարարությամբ հանդես են եկել 1600 ուսանողի շրջանում անցկացրած հարցումների արդյունքում: Պարզվել է, որ 8 ուսանողից 7-ն օգտվում է « Վիկիպեդիայից», բայց այն չի համարում ինֆորմացիայի հիմնական աղբյուր:
Նշենք, որ «Վիկիպեդիայում» հոդվածներ գրել-տեղադրել, ինչպես նաեւ եղած հոդվածները խմբագրել կարող է համացանցի յուրաքանչյուր օգտատեր՝ նույնիսկ առանց գրանցվելու հանրագիտարանի կայքում: Առցանց այս հանրագիտարանը հիմնականում ծառայում է որպես այս կամ այն թեմայի վերաբերյալ ընդհանուր ինֆորմացիա ստանալու աղբյուր:
Մոնաշի համալսարանի ուսումնասիրողների խոսքով՝ «Վիկիպեդիայից» օգտվելը չի խանգարում, որ աշակերտներն ու ուսանողները որակյալ կրթություն ստանան, պարզապես պրոֆեսորներն ու ուսուցիչները պետք է « բարելավեն» «Վիկիպեդիայի» բովանդակությունը, այն համալրեն ավելի որակյալ նյութերով:





























