ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր՝ փետրվարի 16-ին, մերժեց Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու եւ անգործության համար մեղադրվողների փաստաբանների վերաքննիչ բողոքը եւ առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ: Դատավճռի հրապարակումից հետո, երբ ոստիկանները մեղադրյալներին հեռացնում էին դահլիճից, միջադեպ տեղի ունեցավ:
Մեղադրյալ Շմավոն Կուրեխյանը, որը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, սկսեց բղավել. «Ինչի՞ համար եք 7 տարի տալիս, գնացեք հեռախոս գողացողին դատեք»՝ նկատի ունենալով իրենց ծառայակից Գրիգոր Բաբախանյանին, որը, մեղադրվող կողմի պնդմամբ կատարվածի իրական մեղավորն է, որի դեմ, սակայն, մեղադրանք չի առաջադրվել։
Ոստիկանները նրան ուժով հեռացրին դատարանի դահլիճից:
Շմավոն Կուրեխյանի մայրը՝ Սոնա Սաֆարյանը, որին դատական կարգադրիչները չէին կարողանում հանգստացնել, դժգոհեց դատարանի որոշումից:
«Իմ երեխեն սրտից հիվանդ տղա, իր կամքով գնացել է ծառայության, հիմա ինչի՞ համար են դատում: Հեռախոսը գողացողի թիկունքը տաք է, դատախազին վճարել է, էս 4 երեխուն անտեղի տեղը դատում են, ո՞ր մեղքի համար: Կամ հեռախոսի տիրոջն ինչի՞ են դատում, ինքն իր հեռախոսն է պահանջել: Իմ երեխեն էդ ժամանակ իմ հետ է խոսել, ամբողջ օրը կապի մեջ են եղել, դեպքի պահին եղել են մեռնողը, հեռախոս գողացողն ու հեռախոսի տերը, կոպիտ ասած՝ ով անի, ում տանեն սանատորիա»,-ասաց Սոնա Սաֆարյանը:
Շմավոն Կուրեխյանի փաստաբանը՝ Վահե Մարգարյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը իրավական հիմքեր չունի, մեղադրական եզրակացության կրկնությունն է՝ առանց իրենց ներկայացրած փաստերը քննելու:
«Ինձ թվում է՝ սա վերեւից իջեցված պատվեր է, ուրիշ բան չկա, դատական համակարգն իր իրական դեմքը ցույց տվեց: Իրական գողը դրսում է, չգիտեմ՝ ինչ հիմքերով քրեական գործ չի հարուցվել, իսկ էս անմեղ երեխեքը դատվում են: Կամ Վանիչկան կամքից թույլ տղա է եղել, այլապես նա ինչի՞ պիտի նման բանից հետո գնար, ինքնասպան լիներ»,-ասաց նա:
Մեղադրյալ Նարեկ Միտոյանի փաստաբանը՝ Ավետիս Քալաշյանն էլ ասաց, որ դատարանի որոշումն իր համար անսպասելի էր, քանի որ ինքն արդարացում էր սպասում Նարեկ Միտոյանի մասով եւ դատավճռի մեղմացում՝ Արման Մուրադյանի մասով:
Նշենք, որ Արման Մուրադյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ծնողները հաշմանդամ են, ընտանիքն էլ սոցիալապես անապահով վիճակում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել էր ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել էին նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է, սակայն գողության մեջ իրեն են մեղադրում։
Հիշեցնենք, որ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը գործով մեղադրվող 20-ամյա Շմավոն Կուրեխյանին դատապարտել է 7 տարվա, 21-ամյա Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս, 29-ամյա Արման Մուրադյանին՝ 3 տարվա ազատազրկման։ 20-ամյա Նարեկ Միտոյանին դատարանը նշանակել է պայմանական պատիժ։











