Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 17-ին Ալմաթիում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:
Է. Նալբանդյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաեւ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի հետ, որի ընթացքում արծարծվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ուղղությամբ կատարվող աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր ստորագրել նախարարական մակարդակով հաջորդ հանդիպմանը, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ:
Ալմաթիում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաեւ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարարը փոխանցել է իր երկրի կառավարության երախտագիտությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի կարեւոր ներդրման համար: Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգթոնը անդրադարձել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:



























