ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարները կոչ են արել կողմերին քայլեր ձեռնարկել 1994թ. հաստատված հրադադարի ամրապնդման ուղղությամբ...
Հուլիսի 17-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նվիրված էր Եվրոպայում անվտանգության ամրապնդման հարցերին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ալմաթիում տեղի է ունեցել նաեւ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ափսոսանք են հայտնել վերջերս տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում՝ հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը զինված միջադեպի եւ հրապարակային հրահրիչ հայտարարությունների կապակցությամբ, որոնք սրում են իրավիճակը տարածաշրջանում եւ չեն նպաստում կարգավորման գործընթացին: ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարները կոչ են արել կողմերին քայլեր ձեռնարկել 1994թ. հաստատված հրադադարի ամրապնդման ուղղությամբ:
Հիշատակելով ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքները, նաեւ լ’Աքվիլայում եւ Մուսկոկայում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից արված հայտարարություններում պարունակվող դրույթները որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմք` շեշտել են, որ դրանցից որոշների գերակայությունը մյուսների նկատմամբ ապացուցելու փորձերը անթույլատրելի են:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում ղազախական նախագահության կողմից կազմակերպված հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ 56 անդամ երկրների պատվիրակություններ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՄ եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ:




























