«Կասպերսկու լաբորատորիան» հայտարարել է արաբական ծագմամբ կիբերլրտեսության մասին, որի հիմնական հարվածը ուղղված է եղել մերձավորարեւելյան երկրների ռազմավարական կարեւոր կազմակերպություններին։ Այս մասին ասված է հակավիրուս մշակող ընկերության տարածած հայտարարության մեջ։
Desert Falcons անունը ստացած գործողության հետեւանքով ամենից շատ տուժել են Եգիպտոսը, Պաղեստինը, Իսրայելը եւ Հորդանանը, սակայն քիչ չեն նաեւ այլ երկրներում դրա զոհերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընդհանուր առմամբ արաբական ծագմամբ վիրուսը հարձակում է գործել ավելի քան 50 երկրների 3 հազար օգտատերերի համակարգիչների վրա՝ գողանալով միլիոնից ավել ֆայլեր։
Հարձակման զոհ են դարձել պետական հաստատությունները, ռազմական գերատեսչությունները, լրատվամիջոցները, հետազոտական եւ կրթական հաստատությունները, էներգետիկ ընկերությունները, ակտիվիստները, քաղաքական գործիչները, անվտանգության գործակալությունները։
Desert Falcons-ը օգտատերերին վնասակար հղումներով նամակներ է ուղարկել էլեկտրոնային հասցեներով եւ սոցիալական կայքերով։





























