Վթարի ենթարկված Ցխինվալ-Վլադիկովկաս երթուղին սպասարկող ավտոբուսի ուղեւորներից 9-ը դեռեւս Հարավային Օսեթիայի հիվանդանոցում են:
Հարավային Օսեթիայի Տրանսկամ ավտոմայրուղով սլացող ավտոբուսը շեղվել է ճանապարհից եւ շուռ եկել: Վթարի հետեւանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում 2 երեխա: Տուժողների թվում են Հարավային Օսեթիայի, Հյուսիսային Օսեթիայի, Դաղստանի, Չեչնիայի քաղաքացիներ: Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառ է հանդիսացել ավտոբուսին հանդիպակաց սլացող «ԿամԱԶ» բեռանատարը:
Այս տեղեկատվությունը հաղորդել է Հրավային Օսեթիայի ներքին գործերի նախարարությունը: Վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը՝ Զախար Լալիեւը, ձերբակալվել է Հարավային Օսեթիայի ներքին գործերի նախարարության կողմից եւ այժմ գտնվում է հետաքննական մեկուսարանում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում»: Վաղը՝ հուլիսի 20-ին, տեղի է ունենալու Հարավային Օսեթիայի կառավարության արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվելու է մարդկային զոհերով ուղեկցված միջադեպի հետ կապված զեկույցը:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին վթարի ենթարկված ավտոբուսում եղել են վարորդն ու 23 ուղեւոր: Այս պահին հայտնի են միայն 11 զոհերի եւ 13 վիրավորների տվյալները:




























