ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կիրակի օրը` հուլիսի 18-ին այցելել է Գեղարքունիքի մարզ, որտեղ իր ամենամյա հավաքն է անցկացնում «Միասին» երիտասարդական շարժումը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը շրջել է «Միասին 2010» ճամբարում։ Տիգրան Սարգսյանին շարժման պատասխանատուները ներկայացրել են «Միասին»-ի գործունեությունը։ ՀՀ վարչապետը ծանոթացել է ճամբարի պայմաններին, այցելել համակարգչային կենտրոն։

«Միասին 2010»-ի շտաբային ճամբարում կառավարության ղեկավարին ներկայացվել են երիտասարդների կողմից կազմված գործարար ծրագրերը։ Երիտասարդները ՀՀ վարչապետին առաջարկել են ստեղծել գործարար երիտասարդների աջակցության հիմնադրամ։   

 Տիգրան Սարգսյանը երիտասարդներին է ներկայացրել տնտեսության վիճակը, ծավալվել է մտքերի փոխանակություն գիտելիքի ու կրթության կարեւորության եւ որակյալ գիտական ներուժի զարգացման շուրջ։ Երեկոյան վարչապետը վերադարձել է Երեւան։