2010 թվականի 6 ամիսների ընթացքում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ -ն (ACMC) 2009 թ. երկրորդ կիսամյակի արտադրության ծավալների համեմատ, պղնձի խտանյութի արտադրությունը ավելացրել է 12,29 տոկոսով, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը` 2,4 տոկոսով: Արտադրական ծավալները կազմել են 15,159 տոննա պղնձի եւ 254 տոննա մոլիբդենի խտանյութ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում GeoProMining ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի տվյալների, այս տարվա միայն առաջին կիսամյակի ընթացքում արդյունահանվել է 1 487 596 տոննա եւ վերամշակվել է 1 445 634 տոննա հանքաքար: Հաշվետու ժամանակահատվածում մակաբացման աշխատանքների ծավալը կազմել է 956,712 խմ, ինչը 63 տոկոսով գերազանցում է պլանով նախատեսված ծավալը:
Ընկերությունը հիշեցրել է, որ 2009 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ԱՊՄԿ-ն արտադրական գործունեություն չի իրականացրել:
Սակայն անցյալ տարվա երկրորդ կեսին կոմբինատը վերամշակել է մոտ 1,3 մլն տոննա հանքաքար: Արդյունքում ստացվել է մոտ 248 տոննա մոլիբդենի եւ 13,500 տոննա պղնձի խտանյութ:
Ներկայումս կոմբինատում իրականացվող ներդրումային ծրագրի նպատակն է հանքավայրի տեխնիկական վերազինումը եւ գործարանի վերակառուցումը: Տնտեսական տեսանկյունից, վերակառուցման ծրագրի իրականացումը կբարձրացնի հանքաքարի արդյունահանման նախագծային ծավալները եւ կավելացնի հանքաքարի մշակումը ընթացիկ 3 միլիոն տոննայից մինչեւ 3,5 մլն եւ արտադրության ինքնարժեքը կնվազեցնի 10 տոկոսով:
Հիշեցնենք, որ GeoProMining ընկերությունների խումբը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետոմսերը ձեռք է բերել 2007-ի դեկտեմբերին: GeoProMining մասնագիտացել է բազմամետաղային հանքաքարերի (պղինձ, մոլիբդեն, սուրմա) եւ թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ) արդյունահանման եւ հարստացման աշխատանքներում: Ընկերության հանքավայրերը եւ վերամշակման գործարանները գտնվում են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Վիետնամում:




























