Արգենտինայում ցրտահարումից վերջին մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 14 մարդ է մահացել։ Անտարկտիդայից փչող բեւեռային սառը քամու ալիքը երկուշաբթի օրը ծածկել է երկիրը (Հարավային կիսագնդում հունիսից մինչեւ սեպտեմբեր ձմեռ է):

«Ռիա Նովոստիի» հաղորդմամբ՝ Արգենտինայի հարավում եւ կենտրոնական հատվածում ջերմաստիճանը գիշերը իջնում է մինչեւ -14 աստիճան, հյուսիսում եւ մայրաքաղաքում հասնում է -3-ի: Ցրտահարումից տուժածները հիմնականում անօթեւան մարդիկ են, որոնց թիվը երկրում կազմում է մոտ 200 հազար: Արգենտինայի մայրաքաղաքի՝ Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունները կիրակի օրը սկսել են անօթեւաններին անվճար տաք հագուստ եւ ծածկոցներ բաժանել:  Տեղի բարեգործական կազմակերպությունների առաջարկով քաղաքի փողոցներ են դուրս եկել ավելի քան 700 կամավորներ՝ ցրտահարվողներին օգնություն ցուցաբերելու համար: Ցրտահարությունից զոհվելու դեպքեր են արձանագրվել նաեւ  Արգենտինայի հարեւան՝ Ուրուգվայում, Պերուում եւ Չիլիում: Պարագվայի դպրոցներում ցրտի պատճառով դադարեցվել են պարապմունքները։

Եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել են նաեւ տեղական մի քանի ավիաչվերթներ: