Beeline-ը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է  «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 12 սահմանամերձ գյուղերի երեխաներ կայցելեն Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կրթական ճկուն համակարգ ունեցող ոսումնական կենտրոնում երեխաները կայցելեն անիմացիայի, թվային մեդիայի, խաղերի եւ կայքերի ստեղծման վերաբերյալ դասընթացների:

«Beeline-ը շարունակում է իրագործել սոցիալական ծրագրեր, որոնք երիտասարդ սերնդին օգնում են սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը: Ուրախ ենք, որ Beeline-ի շնորհիվ սահմանամերձ գյուղերի երեխաները կունենան նոր եւ ակտուալ գիտելիքներ ստանալու եւս մեկ եզակի հնարավորություն, որոնք նրանց համար կբացեն ապագա մասնագիտական կայացման նոր հեռանկարներ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սահմանամերձ գյուղում բնակվող յուրաքանչյուր երեխա ծնված օրից սահմանապահ է: Մենք առավել քան պարտավոր ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապացուցենք, որ նրանց կողքին ենք: Մենք պարտավոր ենք այդ երեխաների համար ստեղծել ուսուցման եւ ժամանցի ավելի բարենպաստ պայմաններ` նրանց կյանքը դարձնելով ավելի երջանիկ», - նշեց «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:

«Թումոն ողջունում եւ կարեւորում է այն փաստը, որ կան կազմակերպություններ, որոնք դյուրացնում են պատանիների մասնակցությունը Թումոյի ուսումնական ծրագրին: Այսօր Թումոն ընդլայնվում է. արդեն երկու տարի է, ինչ մենք գործում ենք Դիլիջանում եւ շուտով կհասնենք Գյումրի ու Ստեփանակերտ: Մենք վստահ ենք, որ այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ Շիրակի եւ Արցախի բոլոր երիտասարդներին հասանելի կլինեն Թումոյի ծրագրերը», - նշեց   Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը:

Ծրագրի գործընկերն է նաեւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: 

Նշենք, որ Beeline-ը եւ «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը համագործակցում են 2013 թ.-ից ի վեր եւ «Հայրենիքի դարպասներ» ծրագրի շրջանակում իրականացրել են «Երկու օր հեքիաթում» եւ նվերներ «Երվանդաշատ գյուղի երեխաներին» ծրագրերը` ուղղված սահմանամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: 2014 թ. համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Չինարի եւ Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ: