ԱՄՆ եւ Բրիտանիայի հատուկ ծառայությունները գողացել են SIM-քարտ արտադրող խոշորագույն ընկերության գաղտնագրման բանալիները։ Այս մասին հայտնում է Intercept-ը՝ վկայակոչելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած տեղեկությունները։

Տվյալները գողացել են Հոլանդիայում գտնվող Gemalto ընկերության ներքին ցանցը կոտրելուց հետո։ Գործողությանը մասնակցել են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցներն ու Կառավարական կապի կենտրոնի նրանց բրիտանացի գործընկերները։

Լրագրողները նշում են, որ գողացած տվյալները հնարավորություն կտան հատուկ ծառայություններին գաղտնալսել աշխարհում բջջային հեռախոսով տեղի ունեցող խոսակցությունների մեծ մասը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Gemalto ընկերությունը տարեկան արտադրում է 2 մլրդ SIM-քարտ։ Ընկերությունը սպասարկում է AT&T, T-Mobile եւ Verizon հեռահաղորդակցման հսկաներին: