«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակում լիտվահայ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է միանգամից երկու մրցանակի: Հայրենիքի ճամփան բռնած հերոսների ճակատագիրը հուզել եւ ոգեւորել է ժյուրիի անդամներին, ինչի արդյունքում էլ նրանք որոշել են երիտասարդ ռեժիսորին հանձնել Հրանտ Մաթեւոսյանի անվան եւ Բրիտանական խորհրդի սահմանած մրցանակները:

Բրիտանական խորհրդի աջակցությամբ՝ Մարատ Սարգսյանն իր ֆիլմը կներկայացնի Encounters միջազգային կինոփառատոնում: Կարճամետրաժ ֆիլմերի հեղինակավոր այս փառատոնը Միացյալ Թագավորության Բրիսթոլ քաղաքում անցկացվելու է 16-րդ անգամ` նոյեմբերի 16-21-ը:

«Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակն առաջին անգամ է սահմանել նման մրցանակ: Այն հայտարարվել է «Ժամանակակից Բրիտանիա» ծրագրի շրջանակում: Մեր նպատակն է աջակցել միջմշակութային կապերի զարգացմանը եւ Մեծ Բրիտանիայի ժամանակակից կինոարվեստը Հայաստանում ներկայացնելուն զուգահեռ` հնարավորություն տալ հայ ռեժիսորներին մասնակցել եվրոպական հեղինակավոր կինոփառատոններին»,- ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանն ու հավելել. «Փառատոնին մասնակցությունը, իսկապես, լավ հնարավորություն է ներկայանալ միջազգային շուկայում: Ցանկացած փառատոն նոր կապերի եւ առաջխաղացման հնարավորություն է: Բրիսթոլի կինոփառատոնն այս առումով իսկապես նշանակալից է, քանի որ նկատվելու դեպքում մեծ է միջազգային շուկայում ներկայանալու հնարավորությունը»:

 Նախորդ տարի Encounters  միջազգային կինոփառատոնին ցուցադրվել էր 150 ֆիլմ, հայտեր էին ներկայացվել աշխարհի 58 երկրներից: Այս տարի ավելացել է թե՛ ֆիլմերի, եւ թե՛ մասնակից երկրների քանակը:

«Լեռնավան»-ը Մարատ Սարգսյանի առաջին ֆիլմն է: Այն պատմում է հոր եւ որդու` հայրենիք կատարած ուղեւորության մասին: Իրական եւ երեւակայան աշխարհների տարբերությունն ակնհայտ է դառնում, երբ նրանք վերջապես հասնում են հայրենիք: Այստեղ միայն սպիտակ սարեր են, այլեւս չկան տներն ու փողոցները, մարդիկ եւ ավանդույթները: Հայրը, սակայն որոշում է վերականգնել ավանդույթները եւ կարողանում է տնկել առաջին ծառը:

Մինչ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցելը, Մարատ Սարգսյանի «Լեռնավան» ֆիլմը «Լավագույն կինոնկար» մրցանակին էր արժանացել Վիլնյուսի երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում: