Հարավկովկասյան տարածաշրջանի դերն աճել է. այն աշխարհին հետաքրքիր է դարձել մի շարք գործոնների, այդ թվում՝  ղարաբաղյան հակամարտության պատճառով։ Հուլիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Նրա խոսքով, Հարավային Կովկասի դերի բարձրացման մասին են վկայում ամենատարբեր բարձրաստիճան անձանց այցերը տարածաշրջան։

«Ղարաբաղյան խնդիրը հզոր երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է։ Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ վերջին երկու տարիներին Մեծ ութնյակի գագաթնաժողովներին միշտ անդրադարձ է կատարվել հարցին»,- նշեց քաղաքագետը՝ ավելացնելով, սակայն, որ ղարաբաղյան հարցում նկատվող պարբերական ակտիվացումը մոտակա 1-2 ամիսներին հավանաբար կմարի։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների՝ օրերս ղարաբաղյան հարցով Ղազախստանում արած հայտարարությանը, Գրիգորյանը հատկանշական համարեց, որ դրանում նշվում է հակամարտող կողմերի՝ ղարաբաղյան հարցի լուծման վերջնական պարտավորությունն իրենց ուսերին կրելու անհրաժեշտության մասին։ «Ամենակարեւորն այն է, որ միջնորդները հասկացրեցին, որ իրենք կողմերի վրա գործադրվող ճնշումների եւ գործընթացի արհեստական արագացման միջոցով իրենց վրա չեն վերցնելու հարցի լուծումը, եւ այդ պարտավորությունը մնում է Հայաստանի եւ Ադրբեջանի վրա»,- ընդգծեց քաղաքագետը։

Ամփոփելով՝ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի առաջնային պարտավորությունների մեջ է մտնում հակամարտության լուծման գործընթացում Ղարաբաղին, որպես բանակցային կողմ, վերադարձնելը։ «Դա դժվար եւ երկարատեւ գործընթաց է։ 1998 թվականին, երբ Հայաստանը համաձայնեց հանդես գալ նաեւ Ղարաբաղի անունից՝ այս կերպ դուրս թողնելով նրան բանակցային գործընթացից,  դա նրան հեշտ տրվեց, իսկ այժմ վերադարձի հարցն առավել բարդ է»,- ընդգծեց նա: